Կառավարությունը հրապարակել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման» կարգը փոփոխելու նախագիծը, որի նպատակն է պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցման ընթացակարգերը և կրճատել շահառուների սպասելաժամանակը: Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։
Նախագծով նախատեսվում է վերանայել և հստակեցնել արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար փոխհատուցվող ծավալները: Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել գործընթացները՝ հաշվի առնելով պետական պատվերի շրջանակում ֆինանսավորման փուլային կառուցվածքը:
Նախագիծը նախատեսում է բացառել զոհված զինծառայողների ծնողների համար առողջապահության նախարարության միջոցով համապատասխան հրամաններ ստանալու պարտադիր պահանջը, ինչը զգալիորեն կբարելավի գործընթացի արդյունավետությունը:
Առողջապահության նախարարության կողմից իրականացվող կրկնվող գործառույթների օպտիմալացումը կնվազեցնի շահառուների սպասելաժամանակը: Դեպք վարողի համակարգի ներդրումը կներառի բոլոր ֆինանսավորման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը՝ բացառելով ավելորդ վարչարարությունը:
Նախագծի ընդունման արդյունքում շահառուների համար կպարզեցվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների տրամադրման գործընթացը՝ ապահովելով գործընթացի առավել բարձր արդյունավետություն և շահառուների գոհունակություն:
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից։ Այն չի պահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ և պետական բյուջեում էական ծախսերի ավելացում։