Հայաստանի հարկայինները ստուգելու են ոչ միայն բիզնեսի, այլև շարքային քաղաքացիների, եկամտահարկ վճարողների բանկային հաշիվները: Նախաձեռնությունն արժանացել է կառավարության հավանությանը։
ՊԵԿ նախաձեռնության համաձայն՝ հարկային հսկողության շրջանակում հարկատուի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու համար հարկային մարմինը հարկատուին հարցում կուղարկի հարկատուի անհատական էջի միջոցով կամ փոստով (ծանուցմամբ): Հարկաատուն պարտավոր կլինի 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնել բանկային հաշվի քաղվածքը, ինչպես նաև առևտրային բանկից դրա հավաստիության հաստատումը ստանալու համաձայնությունը: Օրենքով սահմանված պահանջը չկատարող հարկատուի նկատմամբ կսահմանվեն պատասխանատվության միջոցներ:
Մասնաավորապես, սահմանված ժամկետներում քաղվածքը չտրամադրելու կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող տեղեկություններ տրամադրելու դեպքում հարկատուից գանձվում է տուգանք հարկային հսկողության ժամանակահատվածում հարկատուի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառության և/կամ համախառն եկամտի և/կամ եկամտի առավելագույն չափի 5%- ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 մլն դրամ: Յուրաքանչյուր 10 օրը մեկ տուգանքը կրկնապատկվում է:
Եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումից բացի, առաջարկվում է սահմանել նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց բանկային հաշիվների քաղվածքները հարկային մարմին ներկայացնելու պարտավորություն՝ նույն երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նպատակը հարկային մարմնի կողմից հայտարարագրերում արտացոլված եկամուտների և հարկերի հայտարարագրման ճիշտության նկատմամբ վերահսկողություն սահմանելն է: Սահմանվում են նաև դեպքերը, երբ ՊԵԿ-ը իրականացնելու է ֆիզիկական անձանց եկամուտների խորացված ստուգում։ Մասնավորապես, դա վերաբերում է բանկային հաշվի քաղվածքի և հայտարարագրի միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքերին։
Հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը սկսվել է 2023 թվականից։ Գործընթացը կազմակերպվելու է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն մարդկանց շրջանակը, որոնք պարտավոր են ներկայացնել հայտարարագիր։ Համակարգի ներդրումը կավարտվի 2025 թվականին։ Առաջին փուլում 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցնում են համայնքային կամ պետական պաշտոններ՝ պետական ծառայության մասին օրենքին համապատասխան։
Բացի այդ, առաջին փուլում ներառվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակից (բաժնետերեր, բաժնային սեփականատերեր, անդամներ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2022 թվականի արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի տրամաբանությամբ համարվում են իրական շահառու, ինչպես նաև նրանք, որոնք 2023 թվականին ստացել են 20 մլն դրամ եւ աավելի փոխառություն: Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 22-ին:
Տարեկան հարկային հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 169.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին անգամ չներկայացվելու դեպքում կիրառվում է վարչական տույժ’ նախազգուշացման տեսքով: Այնուհետև զգուշացման կիրառումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում (նույն հոդվածի 4-րդ կետի 1-4-րդ կետերի համաձայն) 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակից (բաժնետերեր, բաժնային սեփականատերեր, անդամներ) հանդիսացող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի իրական շահառու համարվող այն քաղաքացիների համար, ինչպես նաև՝ այն քաղաքացիների, ովքեր 2023 թվականին ստացել 20 մլն դրամ և ավելի փոխառություն:
Նշված խմբերում չընդգրկված անձանց համար նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով: Վարչական տույժ կիրառելուց հետո, եթե տարեկան հաշվետվությունը չի ներկայացվել 30 օրվա ընթացքում, տուգանքի գումարը կրկնապատկվում է:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ