Պետք է ունենանք նոր Հարկային օրենսգիրք. Փաշինյան

Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, որովհետեւ մենք դրան վերաբերվում ենք որպես արգահատանքի արժանի  մի բան, երբեմն էլ որպես պաշտամունքի առարկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչդեռ փողը պետության տեսակետից այն ընդամենը կառավարման գործիք է, առանց որի որեւէ կառավարում գոյություն ունենալ չի կարող, առանց որի պետություն եւ նույնիսկ հանրություն գոյություն ունենալ չի կարող:

Մենք խոսում ենք մեր բարեկամների մասին. ո՞վ է մեր բարեկամը: Մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը: Եթե ուզում ենք ուժեղ պտություն ունենալ, պետք է բոլորս միասին որպես պետություն, որպես քաղաքացի հնարավորինս շատ փող աշխատենք՝ օրինական ճանապարհով: Պետք է հնարավորինս շատ եկամուտներ գեներացնենք եւ հարստացնենք մեր համընդհանուր բյուջեն՝ հարկերի միջոցով:

Այս առումով մենք շատ համակարգային խնդիրներ ունենք, որոնցից մեկը մեր Հարկային օրենսգիրքն է: Այն Հարկային օրենսգիրքը, որ մենք ունենք, ապապետական է: Մեր Հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը: Շրջանառության հարկի համակարգը ապապետական համակարգ է:

Մենք պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք, որը համապատասխանում է  Հայաստանի պետական շահերին»,- հայտարարեց Փաշինյանը:

ajax-loader