ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ամերիկացի հեռուստահաղորդավար և նախկին զինվորական Փիթ Հեգսեթի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Հանրապետականի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։
«Ինձ համար պատիվ է հայտարարել պաշտպանության նախարարի պաշտոնում Փիթ Հեգսեթի թեկնածությունը», – ասվում է այտարարության մեջ: «Փիթը կոշտ է, խելացի և հավատում է Ամերիկան առաջին տեղում դնելուն»: Փիթի հետ Ամերիկայի թշնամիները կիմանան, որ մեր զորքերը կրկին մեծ կլինեն»:
Նշվում է, որ Հեգսեթը սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում։ Նա մարտական գործողությունների վետերան է, ծառայել է Իրաքում և Աֆղանստանում: Բացի այդ, նա ութ տարի աշխատել է որպես հաղորդավար Fox News հեռուստաալիքում։ Հեգսեթը նաև մի քանի գրքերի հեղինակ է և ղեկավարել է վետերանների իրավունքների պաշտպանության երկու կազմակերպություն:
Թրամփը վստահ է, որ նա իր նոր պաշտոնում «խիզախորեն և հայրենասիրաբար կպաշտպանի ուժի միջոցով խաղաղություն հաստատելու ԱՄՆ քաղաքականությունը»։
Այս պահին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Լլոյդ Օսթինը: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում դիտարկում է ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնին (Արկանզասից), ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ուոլցին (Ֆլորիդայից)։