Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և International
Animal Rescue (IAR) կազմակերպությունների համատեղ ջանքերով հաջողվել է փրկել և վայրի
բնություն վերադարձնել ավտովթարի ենթարկված գորշ արջին:

Երիտասարդ արջը, որը ստացել է Ռիքի անունը՝ ի պատիվ բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսի, երկու շաբաթ անցկացրել է Ուրցաձորի վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում (WRC): Կենդանու ազատ արձակման գործողությանը ներկա է գտնվել բրիտանացի հայտնի դերասան և IAR-ի աջակից Փիթեր Իգանը: Նա առավել հայտնի է «Դաունթոնի աբբայություն» բրիտանական պատմական դրամատիկական հեռուստասերիալում իր ունեցած դերի համար։

«Արջի ստորին շրթունքի վնասվածքը կարվել է դեպքի վայրում: Կոտրվածքներ չեն հայտնաբերվել, միայն թեթև վնասվածք ոտքին: Կենտրոն ընդունվելիս արջը ապակողմնորոշված էր թվում, սակայն արագ վերականգնվեց: Մենք պատվաստեցինք նրան և ստուգեցինք կատաղության ու այլ հիվանդությունների առկայությունը: Երկու շաբաթ անց արջն արդեն լիովին առողջ էր»,- ասել է FPWC-ի կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:
Փրկարարական գործողությանը ներկա են գտնվել FPWC և IAR մասնագետները, ներկայացուցիչներ ՇՄՆ-ից և Վայոց ձորի մարզպետարանից։

«Մեր աշխատանքի մեծ մասը Հայաստանում կապված է վանդակներում տարիներ անցկացրած արջերի փրկության հետ, որոնք այլևս չեն կարող վերադառնալ վայրի բնություն: Դա տխուր է: Ուստի երիտասարդ, առողջ կենդանուն փրկելու և իր բնական միջավայր վերադարձնելու հնարավորությունը մեզ համար իսկապես ոգեշնչող է»,- նշել է IAR-ի նախագահ Ալան Նայթը:

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի մասին հայտնել էր վարորդը, որից հետո արջը
տեղափոխվել էր Ուրցաձորի փրկարարական կենտրոն: Կարանտինային բաժնում արջը դրսևորում էր իսկական վայրի կենդանու վարք․ նա կարծես ուզում էր կոտրել ազատավանդակները ու վերադարձնել իր ազատությունը։