Ատեստավորման ժամանակ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար ևս դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Ըստ նախարար Անդրեասյանի՝ կամավոր ատեստավորում անցնելու համար այս տարի դիմել է 6320 ուսուցիչ: Կամավոր ատեստավորման 70 տոկոսից ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչների բարձրացվող դրույքաչափին գումարվում է նաև 30-50 տոկոս հավելավճար: Որոշմամբ հնարավորություն է ընձեռվում կրկնապատկել միջինում 125 հազար դրամ դրույքաչափը:

«Որոշման շնորհիվ 3 տարվա արդյունքով 1630 ուսուցիչ ևս կօգտվի վարձատրության բարձրացումից, այդպիսով, կունենանք բարձր վարձատրվող 5179 ուսուցիչ»,- ասաց նախարարը և հավելեց, որ քայլեր են իրականացվում, որպեսզի մյուս տարի ատեստավորման գործընթացը թվայնացվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, պարզաբանեց. «Այն ուսուցիչները, որոնք հավաքել են արդեն իսկ տեղի ունեցած և առաջիկայում տեղի ունենալիք ատեստավորումների արդունքում 60-69 տոկոս արդյունք, 2023 թվականի հոկտեմբերից, այսինքն՝ նախորդ ամսվանից, կստանան դրույքաչափի կրկնապատկում»:

Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ վարչապետի, ուսուցիչներին քաջալերելն է, որ նրանք ավելի ակտիվ մասնակցեն ատեստավորման գործընթացին, իսկ նրանք, որ ատեստավորման շեմը անցել են, աշխատավարձի որոշակի փոփոխություն ունենան:

ajax-loader