Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող xAI ստարտափը 6 մլրդ դոլարի ներդրում է ներգրավել, որը կուղղվի արհեստական բանականության (ԱԲ) սուպերհամակարգչի հաշվողական հզորությունն ընդլայնելու նպատակով NVIDIA ընկերության արտադրության արագացուցիչներ ձեռք բերելու համար, հայտնում է CNBC-ն։
xAI-ն այս տարվա սեպտեմբերի սկզբին գործարկել է Colossus AI կլաստերը՝ 100 հազար NVIDIA H100 արագացուցիչներով։ Պլատֆորմն օգտագործում է Supermicro սերվերներ, All-Flash պահեստավորման հանգույցներ, SuperNIC ադապտերներ և հեղուկ հովացման համակարգեր: Գերհամակարգիչը գտնվում է տվյալների հսկայական կենտրոնում՝ Մեմֆիսի (Թենեսի նահանգ) մոտակայքում:
Ներգրավվող 6 միլիարդ դոլարից 5-ը ստարտափը կստանա Մերձավոր Արևելքի սուվերեն հիմնադրամներից, ևս 1 մլրդ դոլարը՝ այլ ներդրողներից, որոնց անունները չեն բացահայտվում: Միևնույն ժամանակ, ստարտափի շուկայական արժեքը կհասնի 50 միլիարդ դոլարի։ The Financial Times-ը ևս տեղեկացնում է, որ xAI-ը լրացուցիչ միջոցներ կստանա զարգացման համար։ Ըստ թերթի՝ խոսքը $5 մլրդ-ի մասին է, իսկ ստարտափի կապիտալիզացիան $45 մլրդ է։
Նախկինում Մասկը խոսել էր Colossus-ի աշխատանքը կրկնապատկելու իր մտադրության մասին և ասել, որ դրա համար նախատեսվում է գնել մոտ 100,000 հատ ԱԲ արագացուցիչ, այդ թվում՝ 50,000 հատ NVIDIA H200։ Ըստ երևույթին, ստարտափը ներգրավվող միջոցները կօգտագործի նաև NVIDIA-ի այլ արտադրանքներ գնելու համար, ներառյալ Spectrum-X SN5600 անջատիչները և BlueField-3-ի վրա հիմնված ցանցային քարտերը:
Ընդորում, Մեմֆիսի բնակիչները դժգոհություն են հայտնում xAI ԱԲ համալիրի զարգացման կապակցությամբ։ Ակտիվիստները ստարտափին մեղադրում են նրանում, որ տվյալների կենտրոնի տարածքում օգտագործվող գեներատորները վատթարացնում են օդի որակը շրջանում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ