Եգիպտոսից Երևան ժամանող օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում

Եգիպտական Շարմ էլ Շեյխից Երևան չվերթն իրականացնող եգիպտական AMC ընկերության Boing-737 օդանավը այսօր առավոտյան ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Քաղավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ տարածքում եղանակային վատ պայմաններ են եղել գիշերը ժամը 02:00-ից սկսած, ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել այլ տեղում:

Շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում, ցածր տեսանելիության պայմաններում օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Էրզրումի օդակայանում:

Այս չվերթի օդանավը դեռ Էրզրումում է, սակայն, ըստ փոխանցված տեղեկատվության, արդեն ստացել է թռիչքի ժամ ու պատրաստվում է ուղևորվել Երևան:

Ի դեպ, գիշերը միայն Եգիպտոս-Երևան թռիչքի օդանավը չէ, որ հարկադիր վայրէջք է կատարել այլ երկրի տարածքում: Մոսկվա-Երևան թռիչքն իրականացնող օդանավերից մեկը ևս, վատ եղանակային պայմանների և ցածր տեսանելության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում: Այս չվերթի օդանավն արդեն վերադարձել է ՀՀ տարածք:

ajax-loader