Կառավարությունը Արմեն Գրիգորյանին հաստատեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:

Այս տարվա սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ (Արսեն Պետրոսյան,Արմեն Գրիգորյան, Էդգար Ղազարյան, Ատոմ Մարգարյան):

Նիստին մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները:

Փակ քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է ձայների հետևյալ  արդյունքը՝ Արմեն Գրիգորյան՝ 19-ը կողմ, Ատոմ Մարգարյան՝ 1 կողմ, Արսեն Պետրոսյան՝ 0 կողմ, Էդգար Ղազարյան՝ 0 կողմ: Այսպիսով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Վարդանի  Գրիգորյանն ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Իր խոսքում Արմեն Գրիգորյանն ասաց. «Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ: Այստեղ ունենք նաև հաջողություններ, միջազգային կառույցների կողմից ունենք հավատարմագրումներ: Իմ ջանքերը կենտրոնացնլու եմ կառավարության սահմանած ռազմավարական թիրախները ապահովելու, մասնավորապես, մեր համալսարանը միջազգային վարկանիշային աղյուսակներում առաջ մղելու ուղղությամբ, ինչպես նաեւ մեր համալսարանը հանրապետության առաջատար ուղեղային կենտրոններից մեկը դարձնելու ուղղությամբ»:

Նա կառվարության անդամներին հրավիրեց համալսարան:

Նախորդ ռեկտորը՝ Դիանա Գալոյանը հրաժարական է տվել այս տարվա մարտի 19-ին:

ajax-loader