Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել մամլո ասուլիսով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին: Պատասխանելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է ամբողջական նոր գույք. դա վերաբերում է թե՛ դասասենյակների, թե՛ ճաշարանների, թե՛ գրադարանների, թե՛ ուսուցչանոցների և մարզադահլիճների գույքին:

«Կահավորվում են նաև հանդիսությունների սրահները: Բոլոր դպրոցներին տրամադրվում են էլեկտրոնային դաշնամուրներ, քանի որ արվեստով զբաղվելու հնարավորություններն ընդլայնելու համար նաև համապատասխան միջավայրի և գույքի կարիք կա: Նոր մարզագույքի պարտադիր ցանկերում ներառվել են նաև թենիսի սեղանները, ինչը կօգնի, որպեսզի դպրոցականների շրջանում անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարերը դառնան ավելի մասսայական: Այս օրերին ավագ դպրոցներին նաև հեծանիվներ են բաշխվում, քանի որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար անցկացնել հեծանվավազքից՝ դարձյալ դպրոցականների շրջանում: Մեծ թվով դպրոցներ արդեն նաև լաբորատոր գույք են ստացել»,- տեղեկացրել է նախարարը: Նա նաև նշել է, որ Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը Երևանի և ՀՀ բոլոր մարզերի դպրոցները պետք է հագեցված լինեն «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաններ» առարկաների լաբորատորիաներով:

ajax-loader