Արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 56 դեպք

Հայաստանում 2024 թվականի փետրվարի 5-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 56 է:

Այս մասին հայտնել են  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 56 դեպքից 42-ը երեխա է, 14-ը՝ մեծահասակ: 8 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 41-ը:

Ըստ այղբյուրի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

«Դեռևս կան տեղային բռնկումներ։ Ովքեր կարիք ունեն ստացիոնար բուժման, ստանում են այդ բուժումը։ Նրանց շրջապատողներն անպայման պատվաստվում են, քանի որ ոչ միայն կարմրուկի, այլ նաև մյուս վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու հաղթահարման գործիքը պատվաստումներն են»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։   

Վերջին տարիներին Հայաստանում պատվաստումների ցուցանիշի որոշակի անկում է գրանցվել։ Ըստ Առողջապահության նախարարի՝ ցուցանիշի անկման հիմնական պատճառը հակապատվաստումային քարոզչությունն է։ Վիճակագրական տվյալներով՝ կարմրուկով վարակվում են ավելի շատ մանկահասակները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները։

ajax-loader