Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։
Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 104 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ձորագյուղի 9 թաղամասում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում՝ երկաթե կիսախողովակներով, 1600 մետր ընդհանուր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսից և օգոստոսի 29-ի դրությամբ իրականացվել են 80 տոկոսով։ 9 թաղամասից 3-ում կառուցվող ջրատարները հանդիսանալու են որպես հեղեղատարներ։
Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվանից Ձորագյուղի տնամերձ հողամասերում և սեփականաշնորհված վարելահողերում ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։