Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 55 մլն դրամ

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցվել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 208 միլիոն 342 հազար դրամի վնաս:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, 2025 թվականի մայիսի 16-ին ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված վերոնշյալ վնասից 140 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 54 միլիոն 288 հազար դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader