Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել էր Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրության համաձայն, այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։
Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն էլ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների զարգացմանն ու ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Այս համագործակցությունը թույլ է տալիս փոխանակել լավագույն փորձը, քննարկել ընդհանուր մարտահրավերները և մշակել նորարարական լուծումներ ավիացիայի ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապագա համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, ներառյալ վերապատրաստման ծրագրերը, տեխնիկական խորհրդատվությունը և հնարավոր համատեղ նախագծերը:
Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու այս արդյունավետ համագործակցությունը: