Այս պահի դրությամբ մոտ 54 հազար քաղաքացի լրացրել է տարեկան եկամուտների հայտարարագիր, որոնցից շուրջ 23 հազարը ստացել են սոցիալական կրեդիտ՝ ընդհանուր առմամբ գերազանցելով 2 միլիարդ դրամը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ սոցիալական կրեդիտների տրամադրումը կատարվել է հայտարարագրման համակարգի միջոցով, որը հետզհետե դարձել է ավելի հասանելի և հարմար քաղաքացիների համար։
«Մենք մի շարք որոշումներ ենք կայացրել, որոնք սահուն են դարձրել հայտարարագրման գործընթացը։ Ունենք մանրամասն ուղեցույցներ, համապատասխան էջ, և մշակել ենք հայտարարագրման նոր հարթակի կոնցեպտ»,– նշեց Հակոբյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ կային խնդիրներ, որոնք կապված էին այն քաղաքացիների հետ, որոնք չէին կարողանում սոցիալական կրեդիտ ստանալ որոշ հաստատություններում, օրինակ՝ արվեստի դպրոցներում կամ խմբակներում։
«Այդ խնդիրներն այժմ լուծվել են»,– ընդգծեց Հակոբյանը։