Հայաստանից արտահանումը 2025 թվականի առաջին կիսամյակում նվազել է գրեթե 53%-ով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 22-ին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ 2025 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։
Միևնույն ժամանակ, նշել է նախարարը, հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումն աճել է 10.3%-ով։ «Հայաստանից արտահանումը նվազել է 52.8%-ով։ Սա պայմանավորված է ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ անկմամբ», – բացատրել է Հովհաննիսյանը։
Միևնույն ժամանակ, ապրանքների ներմուծումը հունվարից հունիս նվազել է 38.6%-ով։ Նախարարի խոսքով՝ սա նաև պայմանավորված է վերաարտահանման կտրուկ անկմամբ։ «Վերարտահանման ազդեցությունը հանելուց հետո ներմուծման աճը կազմել է մոտավորապես 7%», – հավելել է ֆինանսների նախարարը։