Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ երբվանի՞ց անցակետը կսպասարկի, վերջինս նկատեց, թե դրա համար քաղաքական որոշում է անհրաժեշտ։
«Մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է։ Եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, և երբ քաղաքական որոշում լինի, պատրաստ ենք սպասարկելու»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է թուրքական կողմում մաքսակետում կատարվող աշխատանքներին, Բադասյանը նշեց, թե այդ մասին տեղեկություններ չունի. «Միգուցե իրենց կետը կարիք չունի լրացուցիչ աշխատանքների, կամ ունի, չեմ կարող ասել»։