Հայտնաբերվել է 510 գրամ քաշով «մեթամֆետամին» թմրամիջոց

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հետևողականորեն պայքարում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով ապօրինի տեղափոխման դեմ։  

ՊԵկ–ից հայտնում են, որ գերատեսչական համագործակցության շրջանակում, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից տվյալներ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունը փոխանցվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին հնարավոր է «Ագարակ» սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներմուծի թմրամիջոցներ: Քաղաքացին վերցվել է հսկողության։ ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Գ․Ծ․-ին պատկանող ուղեբեռները: Պոլիէթիլենային տոպրակի մեջ առկա 2 բարձից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերվել է մեկական թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ajax-loader