Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ

Կառավարությունը Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց։ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը մեր բնակչության համար։ Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է, և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 սահմանամերձ բնակավայրերի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։

Հաջորդ վերանայումը կապված է 44-օրյա պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը, ինչի շնորհիվ շատ ընտանիքներում նորից վառվեց լույսի և երջանկության ճրագը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ. ծրագրի շրջանակներում ծնված երեխաների թիվը կազմել է 31,6 տոկոս, ինչը բավարարում է միջին ցուցանիշներին զարգացած երկրներում։

ajax-loader