Մեկնարկել են Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Եկեղեցին մեծ պատմամշակութային արժեք ունեցող 5-րդ դարի եզակի ճարտարապետական կառույցներից է։
Վերականգնման գործընթացը մեկնարկել էր դեռևս 2018 թվականին, սակայն մի քանի պատճառներով՝ փաստաթղթային և հնության պահպանման խնդրի բարդությունների, աշխատանքները որոշ ժամանակ մնացել էին կիսատ։ Քանի որ եկեղեցին համարվում է պատմամշակութային ժառանգություն, վերականգնումը պետք է իրականացվի սկզբնական տեսքի պահպանմամբ։ Աշխատանքների ընթացքում օգտագործվում են եկեղեցու պահպանված հին քարերը։

«Ուրախությամբ նշեմ, որ տարիների չարչարանքներից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները։ Ճիշտ է՝ եղանակային պայմանների պատճառով հնարավոր է որոշ ընդհատումներ լինեն, բայց հույս ունենք, որ գարնանն աշխատանքները լիարժեք կշարունակվեն։ Սա շատերի երազանքն է։ Աշխատանքներն իրականացվում են բարերարի միջոցներով, ով չի ցանկանում հրապարակել իր անունը, և մենք հարգում ենք այդ որոշումը»,- հայտնեց Արթիկի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։
Եկեղեցու վերականգնման համար օգտագործվում են բացառապես եկեղեցու հին քարերը, և միայն բացակայության դեպքում է կիրառվում նոր քար՝ համապատասխանեցված հնությանը։ Ամեն մանրուք պահպանվում է, որպեսզի շինությունն ունենա իր իսկական պատմական տեսքը։

«Գիտամեթոդական խորհուրդը երկար քննարկումներից հետո պարզաբանեց այս հարցերը, և այժմ արդեն գործնական փուլում ենք։ Իհարկե, ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, սակայն տեղում աշխատող հանձնախումբը լուծում է տալիս դրանց։ Վերականգնող ճարտարապետը մշտապես կապի մեջ է»,-նշեց Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։
Թեև եկեղեցին պատմականորեն հայտնի է որպես Սուրբ Աստվածածին, որոշ աղբյուրներում այն հիշատակվում է որպես Սուրբ Մարինե, իսկ տեղի բնակչության մի մասն այն հիշում է որպես Սուրբ Հարություն եկեղեցի։