Վարդան Ջհանյան․ կանադական ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման համար

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը հաջողված է հանարում Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին ավարտված Mining Armenia Forum 2025 (MAF25) միջազգային համաժողովը, որը միտված էր Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը։

Այս մասին նա նշեց՝ ազդարարելով նաև Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման վերաբերյալ կանադական ընկերություններից մեկի հետքրքրվածության մասին։ Այդ ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել, եթե հետախուզական աշխատանքները հաստատեն տվյալ վայրում բավարար պաշարների առկայությունը և արդյունահանման տնտեսական նպատակահարմարությունը։ 

Նման համաժողովները Վարդան Ջհանյանը կարևորում է նախևառաջ հանքաարդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժին նպաստելու առումով։ Նա ընդգծեց, որ միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին ոլորտի հիմնական խնդիրները և մարտահրավերները, ուրվագծվեցին զարգացման հեռանկարները։

«Ֆորումը ծառայեց հիմնական նպատակին՝ նպատել ոլորտի, դրանով իսկ՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Դատելով գործարար համայնքի և կառավարության ներկայացնուցիչների հնչեցրած մոտեցումներից և տրամադրվածությունից՝ զարգացման միտումներն արդեն իսկ նկատելի են։ Հուսով ենք, որ համաժողովը կդառնա ավանդական և ամենամյա»,- նշեց մեր զրուցակիցը։

Վարդան Ջհանյանը կարևոր է համարում նաև համաժողովի ընթացքում ծավալված բաց և անկեղծ երկխոսությունը ամենատարբեր հարցերի շուրջ։

«Փորձել ենք բազմակողմանիորեն անդրադառնալ մեր ոլորտին, որն ունի տարբեր խնդիրներ։ Առաջնային է հանքաարդյունաբերության ոլորտի տնտեսական նշանակությունը և, իհարկե, կարևոր է լուծել առկա խնդիրները, այդ թվում նրանք, որոնք առնչվում են կայուն զարգացմանը։ Կայուն զարգացումն էլ իր հերթին ներառում է տարբեր բաղադրիչներ՝ սոցիալական, համայնքների վրա ազդեցության, բնապահպանական և այլ խնդիրներ»,- ասաց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը։

Պատասխանելով ոլորտում օտարերկրյա ներդրումների ընդլայնման վերաբերյալ մեր հարցին՝ Վարդան Ջհանյանը նշեց, որ 2018 թվականին Ամուլսարի հանքավայրի փակվելուց հետո զգացողություն կա, որ նվազել է օտարերկրյա խոշոր ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ։

«Ֆորումին արտասահմանցի մասնագետներին հրավիրելը պայմանավորված է նաև այդ կասկածները փարատելու մղումով։ Այս տարի մասնակիցների թվում էին կանադական «Հայասա» կազմակերպության ներկայացուցիչները։ Ընկերությունը մասնագիտացած է հանքաարդյունաբերական հետախուզական աշխատանքներում ներդրումներ կատարելու ոլորտում։ Նրանք պատրաստվում են մեծ ներդրումներ կատարել Հայաստանում։ Նույնիսկ նշեցին, որ հնարավորություն ունեն 2030-ական թվականներին մինչև 5 մլրդ դոլարի ներդրում կատարել, եթե հետախուզման աշխատանքները հաստատեն պաշարների ակնկալվող ծավալի առկայությունը։ Խոսքը պղնձի և մոլիբդենի արդյունահանման մասին է։ Այսինքն, կա ներդրումների ներգրավման հնարավորություն, ներդրողներ էլ կան, բայց պետք է վերականգնենք նրանց վստահությունը դեպի մեր տնտեսությունը, դեպի Հայաստանում գործող ինստիտուտները»,- եզրափակեց նա։

Mining Armenia Forum-ն այս տարի անցկացվեց «Հանքարդյունաբերություն և էներգիա. միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրի ներքո։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Երկօրյա համաժողովը մեկ հարթակում միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի և ներդրումային ընկերությունների ավելի քան 250 ներկայացուցիչների։ Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցում էին առաջատար խոսնակներ Հայաստանից, Կանադայից, Նիդեռլանդներից, Ղազախստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից:

Քննարկման հիմնական թեմաներն էին` հանքարդյունաբերությունը՝ որպես նոր էներգիա. ներդրումային հնարավորությունները և գլոբալ տնտեսական միտումները, Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր և ապագայի հեռանկարները, հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացումն ու հասարակական միտումները, ինչպես նաև կայուն զարգացումը՝ որպես տեխնոլոգիական զարգացման արդյունք. տեխնոլոգիաների դերը հանքարդյունաբերությունում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ թեմաներ։

Համաժողովի ավարտին տեղի ունեցավ 2024 թվականին հանքաարդյունաբերության վերաբերյալ լավագույն լրագրողական անդրադարձերի հեղինակների պարգևտրման արարողությունը։ Լավագույնները որոշվել էին Հայաստանի տնտեսական լրագրողների ասոցիացիայի հայտարարած մրցույթի արդյունքներով։

Աղբյուրը՝ Armenpress

ajax-loader