5 օր ՀՀ արտարժույթի շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ

Նոյեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ և՝ բավականին ակտիվ: Եվրոյով գործարքները չեն կատարվում արդեն երկրորդ շաբաթ, որի հետ մեկտեղ այս շաբաթ դադարեցվել է նաև ռուբլով գործարքների իրականացումը։ Շաբաթվա արդյունքներով դոլարային գործարքների թրենդը 66 տոկոս անկումից հասել է 3 անգամ աճի։

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (11-15.11.24-ը ՝ 04-08.11. 24-ի համեմատ) դոլարի գնումը սկսել է նվազել՝ վաճառքի անկման խորացման հետ մեկտեղ, եվրոյի գնումը նույնպես սկսել է նվազել՝ վաճառքի աճի միտման պայմաններում, իսկ ռուբլով գործարքների դեպքում գնումն սկսել է աճել՝ վաճառքի աճի խիստ արգելակմամբ։

Արդյունքում՝ ս.թ. նոյեմբերի 11-15 – ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է թուլանալ ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 387,5-ից մինչև 388,8 դրամ/1 դոլար, ընդ որում, հետագայում ևս ամրապնդվելով ինչպես եվրոյի նկատմամբ’ 418,3 – ից մինչև 409,5 դրամ/1 եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ’ 3,97-ից մինչև 3,88 դրամ/1 ռուբլի: Մեկ տարի առաջ  նոյեմբերի 15 – ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 404,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 436,5 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 4,49 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժևորման մասին և դոլարի, և եվրոյի, և ռուբլու նկատմամբ։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, արտարժույթի միջբանկային շուկայում ս.թ. նոյեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներ իրականացվել են ամեն օր, և դրանց ընդհանուր ծավալը կազմել է 13.680 մլն դոլար’ 388,30 դրամ/1դոլար միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 388,14 դրամ/1դոլարի դիմաց): Հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարային գործարքների առավելագույն ծավալն «արձանագրվել է» չորեքշաբթի (նոյեմբերի 13 – ին)՝ 6 մլն դոլար։

ajax-loader