Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահի 23 մլն եվրո արժողությամբ շենքը կգնի ՀՀ կառավարությունը

Հայաստանը պատրաստվում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան համար 23 մլն եվրո արժողության շենք գնել։ Այս նպատակով կառավարության որոշմամբ ԱԳՆ-ին գումար է հատկացվել՝ առայժմ գործարքի 10%–ի չափով։ Ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, «առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին»։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 միլիոն եվրոյով, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը:

Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով։

Հետագայում, գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ, պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։

ԱԳ փոխնախարար Ստեփան Մնացականյանը նշել է, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և դեսպանատան գործառույթների ընդլայնման պատճառով ներկայիս շենքային պայմանները չէին բավարարում։ Ըստ նրա՝ դեսպանատան այժմյան շենքի վարձակալության պայմանագիրն ավարտվում է 2025թ․։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3386886.html

ajax-loader