Հնդկաստանն աշխարհում առաջատարն է արտասահմանից դրամական փոխանցումների ծավալով

Հնդկաստանը 2023-24 ֆինանսական տարում (ավարտվել է մարտին) ստացել է $107 միլիարդի ռեկորդային զուտ փոխանցումներ արտասահմանում բնակովող իր քաղաքացիներից:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալները, երկրորդ ֆինանսական տարին անընդմեջ հարավասիական այդ հանրապետությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարի շեմը և այս ցուցանիշով առաջատարն է աշխարհում:

Ըստ ՀԲ զեկույցի՝ Հնկաստանին հաջորդում են Մեքսիկան ($67 միլիարդ), Չինաստանը ($50 միլիարդ), Ֆիլիպինները ($40 միլիարդ) և Եգիպտոսը ($24 միլիարդ):

Հնդկական սփյուռքի համախառն դրամական փոխանցումները, որոնք արտացոլված են մասնավոր տրանսֆերտներում և բյուջեում, գրեթե 2 անգամ ավելին են նույն ժամանակահատվածում Հնդկաստանի զուտ օտարերկրյա ուղղակի և պորտֆելային ներդրումներից՝ $54 միլիարդ: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ հնդիկներից իրենց հայրենիք դրամական փոխանցումների ամենամեծ աղբյուրը: Դրանք կազմել են տրանսֆերտների ընդհանուր գումարի 23%-ը։

Հնդկաստանի պահուստային բանկի (Կենտրոնական բանկ) տվյալներով՝ հանրապետությունը 20 տարվա ընթացքում եղել է իր սփյուռքից փողերի ամենամեծ ստացողը։ Դա մեծապես պայմանավորված է հնդիկ ՏՏ մասնագետների տեղափոխմամբ ամերիկյան մայրցամաքի հյուսիս և եվրոպական երկրներ։

ajax-loader