Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել զինյալների հարձակումների զոհերի հիշատակին

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել Մախաչկալայում և Դերբենտում զինյալների հարձակումների ավելի քան 15 զոհերի հիշատակին։ Այդ  մասին հաղորդել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի վարչակազմը։

«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում հայտարարված են սգո օրեր: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է Սերգեյ Մելիքովը»,- հաղորդագրությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

Սգո օրերին ամբողջ հանրապետությունում կխոնարհվեն պետական ​​դրոշները։ Տարածաշրջանում գտնվող մշակութային հաստատությունները և հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։

«Դաղստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ զոհվածների և տուժածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար», – նշել են իշխանությունները:

Հունիսի 23-ի երեկոյան ՌԴ սուբյեկտ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման մասին։ Հարձակումների հետևանքով զոհվել է 15 իրավապահ և մի քանի խաղաղ բնակիչ, վիրավորվել է 16 մարդ։ Այս քաղաքներում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։

ajax-loader