«Եվրոպական հնագիտության օրեր». այցելություններ պեղավայրեր, հանդիպումներ հնագետների հետ

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները և առաջին անգամ՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը։

Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար։

Միջոցառման 3 օրերի ընթացքում հանրությանը հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների  և հնագիտական գտածոների վերականգնողների հետ:  Տեղի կունենան մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումների, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, մասնակցություն՝ գտածոների վերականգնման աշխատանքներին)։

Հիշեցնենք, որ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների  համակարգումն ու խթանումը հանձնել է Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին (Inrap):   

2024 թ․ միջոցառումների պաշտոնական կայք։

Միջոցառումների ծրագիրը

ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ, հասցե՝ Չարենցի 15

«Արհեստական բանականության կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ» (ինտերակտիվ դասախոսություն, բանախոս՝ Վ Վասիլյան)

Թիրախային խումբ՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ

Դասախոսությունը նվիրված է արհեստական բանականության կիրառմանը հնագիտական նյութի հանրահռչակման, վիրտուալ մշակութային տարածքի ստեղծման, թանգարանների կերպարանափոխության ոլորտներում, ինչպես նաև դրա կրթական և զբոսաշրջային նշանակությունը։ Անդրադարձ կկատարվի եռաչափ տեխնոլոգիաների կիրառմանը, և դրանց դերին արտեֆակտների և պատմական վայրերի համապարփակ թվային արխիվացման գործում:

Ժամը 14։00

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ- Երեխաների հատուկ խնամքի կենտրոն

«Իրականության և առասպելների միջով բրոնզե դար» (կրթական արկղիկ)

Թիրախային խումբ՝ երեխաներ

Միջոցռումը նվիրված է առասպելների և դրանց իրականության հետ զուգահեռներին, որոնք վառ արտահայտված են բրոնզեդարյան ժամանակաշրջանում:

Ժամը 16։00

 «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ, հասցե՝ Հանրապետության Հրապարակ 4

«Լեռնային Ղարաբաղի մթա 2-1 հազ մշակույթը ըստ թանգարանային նյութերի» (բանախոս՝ պգթ Նժդեհ Երանյան)

Թիրախային խումբ՝ ցանկացած անձ

Դասախոսությունը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հարուստ ժառանգությանը, հատկապես մ․ թ․ ա․ թվագրվող և թանգարանում պահվող թանգարանային իրերի ուսումնասիրման արդյունքների վրա հիմնված փաստերով։

Արմավիրի մարզ

Հունիսի 14-16

Ժամը 12։00

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան  – Տարոնիկ գյուղ

«Շոշափելի և վիրտուալ Մեծամոր» և «Հետաքրքրաշարժ հնագիտություն» (կրթական ծրագիր և թեմատիկ էքսկուրսիա)

Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։

Կրթական ծրագրի և էքսկուրսիայի միջոցով այցելուները կծանոթանան թանգարանի հիմնական ցուցադրության և առանձին գտածոների հետ, արհեստական պեղավայրում կիրականացնեն հնագիտական պեղումներ, կձուլեն մետաղյա իրեր և այլն։

Հունիսի 14

Ժամը 16։00

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան  – Տարոնիկ համայնք

«Վիշապը հեքիաթի և իրականության սահմանին» (ցուցահանդես)

Թիրախային խումբ՝ բոլոր տարիքի երեխաներ։

Ցուցահանդեսի ընթացքում այցելուները կզմայլվեն վիշապներին նվիրված գեղանկարներով։

Արագածոտնի մարզ

Հունիսի 14

Ժամը 12։00

«Ագարակ» պատմահնագիտական արգելոց-թանգարան 

«Ագարակի ժայռափոր դամբարանի եռաչափ մոդելի պատրաստում» (կրթական ծրագիր և թեմատիկ էքսկուրսիա)

Թիրախային խումբ՝ ցանկացած անձ։

Մասնակիցները տեղում կպատրաստեն հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված կավե արձանիկների կրկնօրինակները։

Հունիսի 16

Ժամը 12։00

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ- գյուղ Արտաշավան

Արտաշավան համայնքի Սբ Թադևոս եկեղեցու տարածքի մաքրման և քանդված զանգաշտարակի քարերի վերադասավորման աշխատանքներ։

Թիրախային խումբ՝ ցանկացած անձ։

Կներկայացվեն հուշարձանի պատմությունը և կիրականացվեն վերջերս քանդված զանգաշտարակի քարերի վերադասավորման ու համարակալման աշխատանքներ։

Արարատի մարզ

Հունիսի 16

Ժամը 12։00

«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարան – գյուղ ՀՆԱԲԵՐԴ 

Ցուցահանդես, թեմատիկ էքսկուրսիա

Թիրախային խումբ՝ ցանկացած անձ։

Անոտացիոն տեքստերի միջոցով կներկայացվեն Դվին մայրաքաղաքի պատմությունը, արխիվային լուսանկարները։ Թեմատիկ էքսկուրսիաներ անցկացնելու են հնագիտական արշավախմբի անդամները։

Լուռու մարզ

Հունիսի 14

Ժամը 14։00

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ – ք Վանաձոր, Դեմիրճյան 23/1

«Հնագիտությունը Լոռիում» (բաց դաս, բանախոս՝ Արման Նալբանդյան)

Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։

Ծրագրի շրջանակներում կներկայացվեն հնավայրի վերջին տարիների պեղումների արդյունքները։

Հունիսի 15

Ժամը 12։00

«Լոռի Բերդ» քաղաքատեղի պատմամշակությաին արգելոց-թանգարան

Ցուցահանդես-թեմատիկ էքսկուրսիա՝ «Լոռի բերդ» քաղաքատեղին հնագիտական պեղումների նոր լույսի ներքո

Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի ցուցահանդես, թեմատիկ կրթական ծրագիր-էքսկուրսիա, որը կներկայացնի վերջին տարիներին իրականացրած պեղումների արդյունքները։ Ցուցահանդեսն ու էքսկուրսիաները կանցկացնեն արշավախմբի անդամները և կազմակերպության աշխատակիցները։

Ժամը 14։00

«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ – ք Վանաձոր, Դեմիրճյան 23/1

«Հայաստանի ուշ բրոնզեդարյան աշխարհահամակարգը անվավոր փոխադրամիջոցներ» (բաց դաս, բանախոս՝ Բ Վարդանյան)

Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։

Ծրագրի շրջանակներում կներկայացվեն ուշ բրոնզի դարին վերաբերող պեղումների արդյունքները։

Հունիսի 16

Ժամը 14։00

«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ – ք Վանաձոր, Դեմիրճյան 23/1

Այցելություն «Լոռի Բերդ» ամրոց (պեղումներ)

Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։

Ծրագրի շրջանակներում մասնակիցները կայցելեն «Լոռի Բերդ» ամրոց և կծոնաթանան վերջին տարիներին իրականացված պեղումներին։

Շիրակի մարզ

Հունիսի 14-16

Ամբողջ օրը

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ- Անիպեմզա գյուղ, Երերույքի տաճար

Անիպեմզա գյուղի Երերույքի տաճարի տարածքում իրականացվելիք հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված իրերի հանրահռչակմանը միտված միջոցառումներ

Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։

Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ, պեղումներ տարբեր տարիքային խմբերի երեխաների ներգարվմամբ և այլն:

Վայոց ձորի մարզ

Հունիսի 15

Ժամը 1200

«ԱՐԵՆԻ-1» քարայր, գյուղ Արենի

Արենի, Գնիշիկաձոր և Մագելանի քարայր. նորագույն հնագիտական հետազոտությունների արդյունքները (դասախոսություն և ծանոթացում հուշարձանների հետ տեղում, բանախոս՝ Բ Գասպարյան)

Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։

Արենին հնագույն Հայաստանի կարևորագույն հուշարձաններից է: Տարիներ շարունակ այս հուշարձանում պեղումներ է իրականացրել  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ: Դասախոսության ընթացքում կներկայացվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները՝ հարակից Գնիշիկաձոր և Մագելանի քարայր հուշարձանների հետ միասին՝ բացահայտելով Վայոց ձորի պատմամշակութային նշանակությունը տարածաշրջանային և միջտարածաշրջանային համատեքստում:

Սյունիքի մարզ

Հունիսի 15

Ժամը 1100

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի Ն Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան/մասնաճյուղ

«Հնագիտությունը պատանի նկարիչների մտապատկերում» (պատանի նկարիչների մրցույթ)

Թիրախային խումբ՝ 10 տարեկանից բարձր անձինք։

«Սիսիանի գեղարվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ տեղի կունենա նրանց ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված հնագիտությանը:

Կոտայքի մարզ

Հունիսի 16

Ժամը 12։00

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, գյուղ Գառնի

Գլուխկոտրուկի (փազլի) շնորհանդես բաղնիքի խճանկարի պատկերով

Թիրախային խումբ՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ

Ինտերակտիվ խաղի միջոցով կվերստեղծվի Գառնու բաղնիքի խճանկարի ամբողջական պատկերը։

ajax-loader