Բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր կտրամադրեն միայն ՀՀ դրամով

Հայաստանի առեւտրային բանկերն այսուհետև նոր քարտային վարկեր կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է հետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 եւ 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առեւտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաեւ արտարժույթային քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր եւ օվերդրաֆտներ):

Որոշման արդյունքում, առեւտրային բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր եւ օվերդրաֆտներ) կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

«Հաշվի առնելով արտարժութային վարկերի ցածր տեսակարար կշիռը՝ ներկա փուլում փոփոխության իրականացումը ֆինանսական միջնորդության տեսանկյունից տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, եւ փոխարենը զերծ կպահի հասարակությանը ապագայում զգալի արտարժութային ռիսկ ստանձնելուց», – ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

ajax-loader