Ասիական զարգացման բանկը 45,3 մլն եվրո վարկ կտա Հայաստանին

Կառավարություն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո դոլար արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝

Առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,

Առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը,

Բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,

Առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,

Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,

Էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով որոշումը, նշեց. «Վարկային միջոցները բաշխված են տարիների մեջ եւ մենք մինչեւ 2028 թվականը պետք է կարողանանք ապահովել ամեն մի արդյունքային ցուցանիշի դրական ելքը եւ միայն այդ  պարագայում հաջորդ տարվա ընթացքում վարկային միջոցները կտրամադրվեն»:

Նա նշեց մի քանի ցուցանիշ. «Օրինակ, առաջին ցուցանիշով ոչ վարակիչ հիվանդությունների վեևրահսկումը կբարելավվի առողջության առաջնային պահպանման օղակում, եւ ամեն տարվա համար սահմանված են ցուցանիշները: Սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում հիվանդանոցային մահացությունը պետք է նվազի: Կվերականգնվեն եւ կկառուցվեն առողջապահական հաստատություններ, այս ծրագրով նխատեսվում է 24 ամբուլատորիաների եւ պոլիկլինիկաների կառուցում ու վերազինում»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ արխիվների թվայնացման կարևորությանը՝ նշելով, որ նպատակն այն է, որ մատուցվող ծառայությունները լինեն որակյալ և թիրախային: Առողջապահական ծառայություն մատուցողը պետք է թվային կապ ունենա ընդհանուր համակարգի հետ և տեղեկատվություն փոխանակի: Եթե բժշկական ծառայություն մատուցողը չի ստանում տեղեկատվություն բուժառուի մասին, նշանակում է, որ սխալի հավանականությունը շատ մեծ կլինի այն պարզ պատճառով, որ չգիտի՝ բուժառուն ինչ դեղամիջոց է ընդունել, ինչ վիրահատություններ է տարել, քանի որ եթե դա տեղի է ունենում ավանդույթ դարձած պատմելու մեխանիզմով, վտանգավոր է:

«Թվայնացման նպատակը շատ ավելի կառավարելի և վերահսկելի է դարձնում համակարգը, բայց մեր գերնպատակը մարդու առողջությունն է: Եթե չթվայնացնենք, չենք կարողանա լիարժեք ծառայությունների մատուցում կազմակերպել, և՛ տևողությունն ավելի երկար կլինի, և՛ ախտորոշումն ավելի երկար կտևի, վստամ եմ՝ բուժման պրոցեսներն էլ ավելի էքսպերիմենտալ կամ ավելի երկար կլինեն»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

ajax-loader