ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին:

Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 23-ին նախաձեռնել էր լրագրողների այց «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ տեղում ծանոթանալու միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։

«Խոր վիրապ» արգելավայրը ջրաճահճային տարածք է և ընդգրկված է «Միջազգային կարևորության տարածքների մասին, հատկապես՝ որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության ճահճային տարածքների ցանկում։

2019 թ․-ին BirdLinks Հայաստան ՀԿ նախաձեռնությամբ և Կովկասի բնության հիմնադրամի CFN ֆինանսական աջակցությամբ ձեռնարկվել է «Խոր Վիրապ» արգելավայրի վերականգնման աշխատանքներ։ Արդյունքում 1,61 հա տարածքում ստեղծվել են բնահենք լուծումներով երեք ջրաճահճային տարածք։


ՇՄՆ իրավախորհրդատու, «BirdLinks Հայաստան» ՀԿ նախագահ Կարեն Աղաբաբյանի խոսքով` վերականգնումից հետո ջրաճահճային տարածքի կենսաբազմազանությունը մի քանի անգամներ ավելացել է, հատկապես ջրլող թռչունների, ընդլայնվել են դրանց ապրելավայրերի, հազվագույտ բուսատեսակների ու աճելավայրերի տեղավայրերը։

«2017-2019-ի համեմատությամբ 2020-2021 թ-ին, այսինքն՝ միջամտությունից հետո, դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ տարածքում բնադրվող և չվող թռչունների թիվը զգալի աճել է։ 2019-ին դրանց թիվը եղել է 38, իսկ արդեն 2021-ին գրանցվել է 58 տեսակ։ Խոսելով չվող թռչուններից՝ կարող եմ արձանագրել, որ կանգառող թռչնատեսակների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 31 տեսակից դառնալով 61։ Ճահճային տարածքը բնադրավայր է նաև ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մի շարք տեսակների համար, մասնավորապես՝ սովորական ջրասամույրի, որը, որպես վտանգված տեսակ, գրանցված է Կարմիր գրքում»,- ասաց Աղաբաբյանը։

Ընդգծելով «Խոր Վիրապ» արգելավայրի վերականգման կարևորությունը, ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նկատեց, որ այն օգտակար քայլ է ոչ միայն կենսաբազմազանության կորստի կասեցման տեսանկայունից, այլև շրջակա միջավայրի, տնտեսության, հասարակության, հանրային առողջության համատեքստում։ Պաշտոնյան կարևորեց նաև այս նախաձեռնությունը, որպես զբոսաշրջության զարգացմանը միտված առանձնահատուկ բաղադրիչ։

Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդի կարծիքով նույնպես այս ծրագիրը խիստ կարևոր է կենսաբազմազանության և անհետացող կենդանատեսակների, բնության վերականգման առումով։ Վերջինիս խոսքով՝ 2020-ից մեկնարկված «Խոր Վիրապ» ջրաճահճային տարածքների վերականգնման ծրագիրը շարունակական է լինելու։ 2024 ապրիլին ձեռնարկված աշխատանքները ակնհայտ են դարձրել, որ ջրաճահճային էկոհամակարգերի լիարժեք վերակենդանացման համար անհրաժեշտ են համապատասխան միջամտություններ ավելի ընդարձակ տարածքներում։

Նախաձեռնության մասնակից կողմերը համագործակցության շրջանակում գրանցել են նկատելի ցուցանիշներ, որոնց արդյունքը տարածքի վերականգնված կենսաբազմազանությունն է, գրավիչ զբոսաշրջային գեղատեսիլ միջավայրը և հանրային առողջությունը։
