«Շիրակ Ավիան» օդանավերն անվանակոչել է հայտնի գյումրեցիների անուններով

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը Հայաստանում գրանցված իր երկու ինքնաթիռներն անվանակոչել է գյումրեցի երկու մեծանուն գրողների՝ Հովհաննես Շիրազի ու Ավետիք Իսահակյանի անուններով:

Ընկերությունը ներկայում շահագործում է «Boeing 737-500» տիպի երկու օդանավ, որոնք ՀՀ-ում գրանցված են որպես EK-SHA (ստացել է Հ. Շիրազի անունը) եւ EK-SHC (ստացել է Ա. Իսահակյանի անունը):

Ավիաընկերության անունն ու օդանավերը հայտնի գյումրեցիների անուններով կոչելը պատահականություն չէ. ավիաընկերության հիմնադիրը՝ ավիատոր Գառնիկ Պապիկյանը, գյումրեցի է: Պապիկյանին է պատկանում նաեւ օդանավերի սեփականատեր ընկերությունը՝ արաբական «Meridien (FZE)»-ն: Ընդ որում՝ «Շիրակ Ավիան» իրավաբանորեն հենց Գյումրիում է գրանցված, չնայած որ գլխավոր գրասենյակը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ է:

«Շիրակ Ավիան» հիմնադրվել է 2019 թ. հոկտեմբերին, մի փուլում, երբ Գ. Պապիկյանի նախորդ ընկերությունը՝ «Տարոն-Ավիան», ծանր ժամանակներ էր ապրում ու, ի վերջո, 2019-ի նոյեմբերին վերջնականապես լքեց հայկական շուկան (ըստ ՊԵԿ-ի՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է):

2021-ի հունվարին «Շիրակ Ավիան» օդանավ շահագործողի վկայական է ստացել, ինչը նրան իրավունք է տվել զբաղվել կոմերցիոն ավիափոխադրումներով:

Ճիշտ է, սեփական կանոնավոր թռիչքներն ավիաընկերությունն սկսեց մի փոքր ուշ՝ 2022-ի հունիսից: Իսկ 2021-2022 թթ. «Շիրակ Ավիայի» միակ ինքնաթիռը վարձակալական հիմունքներով շահագործվում էր այլ հայկական ավիաընկերությունների կարիքների համար:

Հատկանշական է, որ «Տարոն-Ավիան» եւս նախկինում անվանակոչել էր իր օդանավերից երկուսը: Դրանցից մեկին (ՀՀ գրանցումը՝ EK-73797) տրվել էր «Մհեր Մկրտչյան» անունը, մյուսին (EK-73776)՝ «Արամ Խաչատրյան»: Այսինքն՝ եթե օդանավեր անվանակոչելը 2021 թվականից թռիչքներ կատարող «Շիրակ Ավիայում» նորություն է, ապա նրա ղեկավարության համար հին պրակտիկա է:

Ավելին՝ օդանավեր անվանակոչելը քաղաքացիական ավիացիայում բավականին տարածված երեւույթ է, իսկ հայկական ավիացիայում առաջին անգամ կիրառվել է «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության կողմից, որն «Արարատ» էր անվանել 1998-ին «Airbus» ձեռնարկությունից վարձակալած «Airbus A310» ինքնաթիռը: Բայց մեր երկրում օդանավերն անվանակոչելու ամենամեծ փորձն ունեցել է նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիան», որն իր ինքնաթիռներին տալիս էր հայտնի հայերի անուններ:

Վերադառնակով «Շիրակ Ավիայի» անվանակոչված բորտերին՝ EK-SHA-ին («Հովհաննես Շիրազ») եւ EK-SHC-ին («Ավետիք Իսահակյան»)՝ հարկ է նկատել, որ սրանք նախկինում եւս գրանցված են եղել Հայաստանում:

ajax-loader