Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անցկացրեց երկխսություն ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Հերթական քննարկմանը ներկա էին նաև բուհերի գիտական համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակը բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցությունն է՝ դրանք համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա կարևորեց նման հանդիպումները՝ դիտարկելով դրանք որպես պետության առջև ծառացած մարտահրավերներին համատեղ դիմակայելու միջոց։

Միջոցառումը վարեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական
տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի
վարիչ, տ․գ․թ․ դոցենտ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի խորհրդական Հայկ Ակարմազյանը՝ հնարավորություն ընձեռելով ներկաներին անկաշկանդ հայտնել սեփական տեսակետները։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության՝ կառավարության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգը՝ նշելով, որ սա նմանատիպ չորրորդ հանդիպումն է։

Օրակարգում ներառված էր Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթացը, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին։ Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթները խախտելու մեջ, և փոխհատուցում է պահանջում։ Մանավորապես, Բաքուն պնդում է, որ 1991 թվականից մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանն, իբր, «անօրինական շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել՝ արտադրված էլեկտրաէներգիան արտահանելով Հայաստան, շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը», ինչի հետևանքով ինքնավար հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է և այլն։

Ներկանները քննարկեցին, թե ինչ համատեղ քայլեր կարելի է ձեռնարկել Բաքվին հակազդելու և Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի նպատակը խեղաթյուրելու փորձը կանխելու ուղղությամբ։

Օրակարգային հարցերից էր նաև անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիան, որին միացել է Հայաստանը։ Կոնվենցիան նախատեսում է, որ պոտենցիալ վտանգավոր նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը՝ ներառյալ հասարակական լսումները, պետք է անցկացվեն ոչ միայն պետության ներսում, այլ նաև սահմանամերձ երկրներում, որոնք կարող են ենթարկվել տվյալ օբյեկտների շահագործման ազդեցությանը։
Հնչեցին կարծիքներ հարևան երկների՝ Հայաստանի շրջակա միջավայրի վրա ազդող վտանգավոր նախագծերը կանխելու վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցների թվում էին «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ ներկայացուցիչ Քնարիկ Հովհաննիսյանը, «Շողեր միություն» սոցիալական ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը, «Հայկական էկոտուրիստական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Գայանե Թովմասյանը, «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ անդամ Արտակ Ղազարյանը։

Հրավիրված էին համապատասխան մասնագետներ՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտից Սարգիս Շահազիազյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Կայուն զարգացման կենտրոնի համակարգող Պապին Մուրադյանը, Գյուղակադեմիայի դասախոս, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, հողագետ Մերուժան Գալստյանը, Փորձարկման լաբորատորիայի վարիչ, ՍԵՆ/ՏՀ164 «Ջրի որակ» տեխնիկական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի
անդամ Կարինե Մայսուրյանը։

Փորձագետները քննարկեցին Հայաստանի համար ռազմավարական նշանակության օրակարգային խնդիրներ, հնչեցին մարտահրավերներին դիմակայելու տեսակետներ։ Առաջիկա հանդիպումներին Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, բուհական և բնապահպանական սեկտորը հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Աշխատանքներն իրականացնելու նպատակով ձևավորվեց համակարգող խումբ՝ ընդգրկելով գիտական հանրույթի, ՀԿ սեկտրորի և տնտեսվարող ընկերությունների մեկական ներկայացուցիչներ՝ Վ․ Ավագյան, Ս․ Շահազիազյան և Ա․ Ղուկասյան։

Առաջիկա հանդիպումներին Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, բուհական և բնապահպանական սեկտորը հանդես կգան համատեղ հայտարարությամբ։











