ԱԺ հանձնաժողովը կողմ քվեարկեց դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք ՎԶԵԲ ընդլայնման մասին օրենքի նախագծին

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մայիսի 13-ին կայացած նիստում կողմ քվեարկեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածում փոփոխություն կատարելուն՝ բանկի գործունեության աշխարհագրական շրջանի սահմանափակ և աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք թիվ 259 բանաձևը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Հարցը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը: Նա նշեց, որ 2023 թվականի մայիսի 18-ին այդ բանաձևն արդեն իսկ ընդունվել է կառավարիչների խորհրդի կողմից և ենթադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործունեության ընդլայնում դեպի Իրաք և Ենթասահարական Աֆրիկայի մի քանի երկրներ, մասնավորապես, Կոտ դ’Իվուար, Բենին, Գանա, Քենիա, Նիգերիա, Սենեգալ:

Ըստ նրա՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ակնկալում է, որ անդամ երկրներն իրենց վերաբերմունքը կհայտնեն այս բանաձևի նկատմամբ և կվավերացնեն օրենսդրական որոշմամբ:

«Քանի որ միջազգային պայմանագրի մասին օրենքով մենք, ըստ էության, նման բանաձևերը վավերացնում ենք օրենքի միջոցով, այդ պատճառով Ազգային ժողովում վավերացնելու կարիք կա»,- նշեց նա:Էդուարդ Հակոբյանը հավաստիացրեց, որ բանկի ընդլայնումը որևէ կերպ չի անդրադառնալու նրա անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, գործունեությանն ու ծավալներին: Գործընթացը չի ենթադրում նաև բանկի վարկանիշի նվազեցում, հետևաբար, չի պարունակում ֆինանսական շուկաներից ֆինանսական միջոցների ներգրավման ռիսկեր, անդամ երկրների համար չի առաջացնում ֆինանսական պարտավորություններ։

Բացի այդ, ըստ Հակոբյանի, օրենքի այս նախագծի վավերացումը նպատակահարմար է նաև արտաքին քաղաքական տեսանկյունից:

ajax-loader