Տարեվերջին կգործի միասնական տոմսային համակարգ, կանգառներում կերևա ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան

Միասնական տոմսային համակարգը իրականացվում է համապատասխան գործընթացի արդյունքում «Telcell» ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա, հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ պայմանագրով ներկայացված է մինչև մայիսի 14-ը: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և հավելեց, որ աշխատանքի մեծ մասը մինչ այդ ժամկետը կկատարվի:

«Ինչ վերաբերվում է կանգառասրահներին, ունենք մեկ նմուշ, որտեղ նախատեսված է տեղադրել նաև վճարային տերմինալ, որը «Թել-Սել» կազմակերպության կողմից կտեղադրվի և կանգառասրահը ավարտուն տեսք կստանա: Հետո եթե քաղաքապետարանի կողմից համապատասախան ցանկություն լինի, այս տարի հնարավոր է 50 կանգառասրահի կահավորում ապահովել»,- ասաց Գրիգոյանը:

Ինչ վերաբերում է տրոլեյբուսների և  ավտոբուսների համալրմանը, Գրիգորյանն ասաց. «Ինչպես գիտեք կայացել է 171 8.5 մետրանոց ավտոբուսների և 15 տրոլեյբուսների մրցույթ, հետադարձ սպասում ենք, որպեսզի ստանանք արձագանք մատակարարող ընկերությունների կողմից, որից հետո 180 օրվա ընթացքում նախատեսված է ապրանքի մատակարարումը»:

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Այսինքն այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու դրանցում նաև տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենում: Ունենալու ենք 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ: Հետևապես այս ամբողջի ներմուծումից և գծեր դուրս գալուց հետո սկսում է գործել նոր տոմսային համակարգը»:

ajax-loader