Անբավարար ինտեգրում և փակ սահմաններ․ ՀԲ փորձագետը՝ ՀՀ արտահանման խնդիրների մասին

Հայաստանն արտահանում է իր ներուժի ընդամենը մի փոքր մասը։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը՝ վկայակոչելով ՀԲ-ի «Սահմաններից դուրս. ներուժի բացահայտում կայուն ապագայի համար» զեկույցի արդյունքները:

Փորձագետի հաամոզմամբ՝ պատճառը Հայաստանի ինտեգրման անբավարար մակարդակն է և փակ սահմանների առկայությունը։

«Դա պայմանավորված է ինչպես երկրի աշխարհագրական դիրքով, այնպես էլ քաղաքական իրադրությամբ»,- ասել է նա:

Հաքիմը նշել է, որ Հայաստանն ավելացնում է հանքարդյունաբերության, այսինքն՝ չմշակված արտադրանքի արտահանման ծավալները, իսկ տնտեսապես բարդ ապրանքների արտահանման մասնաբաժինը նվազում է։

«Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը մեծ անջրպետ ունի այն առումով, թե ինչ կարող է արտահանել եւ ինչ է իրականում արտահանում»,- ասել է փորձագետը:

Նա նշել է նաև առևտրի դիվերսիֆիկացման ոչ բավարար աստիճանը։ 2021 թվականին Հայաստանի արտահանման ուղղությունների 2/3-ը եղել են Ռուսաստանը, Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն։ 2022-ից Ռուսաստանը սկսել է ավելի մեծ մասնաբաժին ունենալ։

Ավագ մասնագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է խթանի առևտուրն արտահանման ներուժ ունեցող երկրների հետ (մասնավորապես՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), դիտարկի հարևանների հետ սահմանը բացելու հնարավորությունը:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ առևտրի ներուժ կա։ Ցամաքային ճանապարհի բացումը, որն այժմ ֆիզիկական խոչընդոտ է, կնպաստի առեւտրային հոսքերին»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, փորձագետն ուշադրություն է հրավիրել Մերձավոր Արևելքի, Չինաստանի հետ կապերի խթանման կարևորության վրա:

«Հայաստանը կարող է դառնալ մուլտիմոդուլային տրանսպորտային ուղղություն»,- ընդգծել է Հաքիմը:

Որպես մրցակցային առավելություն ունեցող ապրանքներ՝ նա նշել է խմիչքը, սննդամթերքը, տեքստիլը և կարևորել ՏՏ պրոդուկտների արտահանումը։ Արտահանման դիվերսիֆիկացման համատեքստում ՀԲ ներկայացուցիչը նկատել է, որ արտահանման խթանման համար առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտություն կա:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, արտաքին առևտրաշրջանառության և, մասնավորապես, արտահանման ու ներմուծման գծով առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը: ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով գերազանցել է 7.3 մլրդ դոլարը ՝ տարեկան աճի դանդաղմամբ՝ 91.7% – ից մինչև 43.3%:

Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման տարեկան աճը զգալիորեն դանդաղել է․ 2,9 անգամից մինչև 38,8%՝ մինչև 3,4 մլրդ դոլար, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծման աճի տեմպերի աննշան արագացմամբ՝ 46,9%-ից մինչև 47,4%՝  3,9 մլրդ դոլար ծավալների ապահովմամբ։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազել է աննշան՝ 35,9%-ից հասնելով 35,3%-ի:

ajax-loader