ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների՝ փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի համաձայն` փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այժմ եվրասիական հնգյակի երկրների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի) քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնըստինքյան (առանց ճանաչման ազգային ընթացակարգերի անցկացման) Միության այլ պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաստաթղթերի տիրապետողները հավակնում են աշխատանքի տեղավորման պետությունում սահմանված գիտական աստիճանի հավելավճարներին կամ արտոնություններին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բախիտ Սուլթանովը նշել Է, որ համաձայնագիրն ուղղված է բարձր որակավորում ունեցող մասնագետների շարժունության բարձրացմանը և կնպաստի աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության զարգացմանը:

ajax-loader