Գործատուի և աշխատանք փնտրողի միջև կամուրջ ստեղծելու, հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը մեկտեղելու ու պետություն- գործատու-աշխատանք փնտրող կապը խթանելու նպատակով գործարկվեց աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակը՝ e-work.am-ը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները: Նախարարը կարևորեց նմանօրինակ հարթակների դերը, որոնք աշխատանք փնտրողներին հնարավորություն են տալիս գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան կայուն զբաղվածություն:
«Ըստ էության, սա առաջին մասշտաբային պետական հարթակն է, որը թվային տիրույթում նոր հնարավորություններ է առաջարկում աշխատանք փնտրողներին և գործատուներին: Լիահույս եմ, որ այս գործում ևս կհաջողենք և արված աշխատանքն արդյունավետ կլինի և՛ աշխատանք փնտրողների, և՛ գործատուների համար»,- նշեց նախարարը:
«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց՝ e-work.am-ն առաջին զբաղվածության պետական հարթակն է, որը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողներին և գործատուներին իրենց տեղեկատվությունն անվճար տեղադրել այս հարթակում և գտնել այն անհրաժեշտ աշխատուժը կամ աշխատանքը, որն առկա է:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ