Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հաստատեց մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դեռեւս 2011-ին ընդունվել է օրենք, ըստ որի ուսուցիչը պետք է պարտադիր ունենա բարձրագույն կրթություն, սակայն այդ դրույթի կիրառումը հետաձգվել է մինչեւ 2018 թվականը, ապա նաեւ ինչեւ 2023-ի օգոստոսի 20-ը: «Այսպիսով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները ունեցել են շուրջ 12 տարի բարձրագույն կրթություն ունենլու պահանջն իրագործելու համար»:

Նրա խոսքով` համակարգում դեռեւս շարունակում էին մնալ  ավելի քան 1300 ուսուցիչներ, որոնք չունեին բարձրագույն կրթություն, շարունակում էին դասավանդել եւ օրենքի պահանջի համաձայն 2023-ի օգոստոսոից պետք է դադարեցնեին իրենց աշխատանքը.

«Հաշվի առնելով, որ մենք ներդրել ենք կամավոր ատեստավորման մեխանիզմը, օրենքում կատարեցինք փոփոխություններ, որով հնարավորություն տվեցինք բարձրագույն կրթություն չունեցող  ուսուցիչներին մասնակցել կամավոր ատեստավորմանը եւ շեմը հաղթահարելու դեպքում շարունակել իրենց աշխատանքը: 894 ուսուցիչ, որ չունեին բարձրագույն կրթություն, նախորդ տարի դիմեցին կամավոր ատեստավորման համար, նրանցից 354-ը հմարվել են ատեստավորված, շարունակում են իրենց ուսուցչի աշխատանքը եւ բարձրացված աշխատավարձ են ստանում: Բայց մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը:

Միաժամանակ նրանք պահպանում են ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որեւէ մեկից օգտվելու հնարավորությունը՝ կամ բարձրագույն կրթություն ստանալ, կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցել եւ հաղթահարել սահմանված շեմը»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս հարցում այդ մարդիկ կարիք ունեն աջակցության՝ կամ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի փոխհատուցման տեսքով, կամ կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու տեսքով:

Այս նախագծով, ըստ նախարարի, առաջարկում են օժանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին. «Սրանով եւս մեկ հնարավորություն կտանք սեփական կրթությունը բարելավելու,  մասնագիտական զարգացումը խրախուսելու, միաժամանակ հնարավոր կլինի համալրել առկա ուսուցչական թափուր տեղերը: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ավելի քան 150 հոգի ունի ցանկություն բարձրագույն կրթություն ստանալու եւ շուրջ 500 ուսուցիչ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին»,- ասաց նա:

ajax-loader