Պարը՝ ազգային ինքնության խտացում. պարարվեստի ներկայացուցիչները՝ մասնագիտական տոնը

 «Պարողների օրը` պարողների համար». այս խորագրով համերգով պարարվեստի ներկայացուցիչները տոնեցին Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ը՝ գնահատելով միմյանց կատարած աշխատանքը, բարձրաձայնելով պարի՝ որպես ազգային դիմագծի կերտման ու պահպանման դերը:

Երեկոյին, որը տեղի ունեցավ Երևանի օպերային թատրոնում, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը կատարեց հայկական և միջազգային պարեղանակներ՝ հիացնելով անգամ արտասահմանյան հայտնի ստեղծագործությունները հայկական մոտիվներով ներկայացնելու փայլուն կարողությամբ: Նրանց հետ հանդես եկան սիրված արտիստներ Արփին, Զարուհի Բաբայանն ու Սևակ Ամրոյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկաներին շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ և ասաց՝ հրաշալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, բարեմաղթանք հղելու պարարվեստի բոլոր գործիչներին՝ պարողներին, բալետմայստերներին, պարուսույցներին:

Երեկոյին հիշեցին նաև պարարվեստի այս տարվա հոբերյալներին՝ Վահրամ Արիտսնակեսյան-125,  Իլյա Արբատով-130: Շուտով կնշվի նաև Սոֆի Դևոյանի 75-ամյակը:

Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանը, որն ուշադրությամբ էր հետևում համերգային երեկոյի ընթացքին, խոստովանեց՝ պարարվեստը բավականին հեռու անկյունում, հեռու դարակներից մեկում է մնացել, և այս միջոցառումը ևս մեկ առիթ է անդրադառնալու պարարվեստի բոլոր խնդիրներին, առաջխաղացումներին, տարբեր ուղղություններին: «Խոսում ենք այն մասին, թե ինչ խնդիր ունենք, ինչ ենք ցանկանում անել, ինչ ենք ուզում, որ լինի և ինչով  կարող են մեզ աջակցել պետությունն ու ինքներս մեզ: Բազում հարցեր կան, որոնց լուծումների պարագայում մեր վիճակը բավականին կլավանա: Եվ սա միակ օրն է, երբ մեզ շնորհակալություն են հայտնում մեր աշխատանքի համար»,-ասաց նա:

Գագիկ Կարապետյանն արդեն 56 տարի պրոֆեսիոնալ պարարվեստում է և հույս ունի, որ պետության, մեկենասների աջակցությամբ կհաղթահարեն խնդիրները և թե՛ Պարի պետական անսամբլը, թե՛ այլ պարախմբեր կունենան առաջվա փառքն ու ոտք կգցեն աշխարհի  լավագույն խմբերի հետ:

Պարի միջազգային օրվան նվիրված երեկոն իրականացվեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո:

ajax-loader