Ինչպես պետք է օտարերկրացին մտնի ֆիզանձանց էլեկտրոնային միասնական համակարգ

«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն եւ գաղտնաբառի միջոցով։

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign ՀԾՀ-ով եւ CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։ CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է,եթե օտարերկրյա քաղաքացինի չունի հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) եւ եթե օտարերկրյա քաղաքացին, անկախ ՀԾՀ ունենալու հանգամանքից, չի գտնվում ՀՀ-ում։
Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign ՀԾՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրություն։

CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերելու համար օտարերկրյա քաղաքացին նախքան «Էկենգ» ՓԲԸ-ին դիմելը, պետք է հաշվառվի հարկային մարմնում (ձեռք բերի ՀՎՀՀ) եւ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից ստանա «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքի թույլտվություն։

Եթե քաղաքացին ունի ՀՎՀՀ, ապա անհրաժեշտ է www.e-request.am հարթակի միջոցով ՊԵԿ ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ (Ձեւաչափ 1), որից հետո իր էլեկտրոնային հասցեին կուղարկվի համակարգի հասանելիությունն ստանալու հղում։ Անցնելով հղմամբ՝ անհրաժեշտ է գրանցվել եւ ընտրել օգտվողի անունը եւ գաղտնաբառը։ Միաժամանակ, եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀԾՀ կամ չի գտնվում ՀՀ-ում, ապա համակարգի հասանելիություն ստանալու համար դիմումի մեջ պետք է կատարի նաեւ նշում՝ Cosign ՀՎՀՀ-ով ստորագրության տեսակի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ (Ձեւաչափ 2): Անհրաժեշտ է հիշել, որ համակարգի հասանելիությունը ստանալուց հետո անհրաժեշտ է ձեռք բերել Cosign տեսակի էլեկտրոնային ստորագրություն՝ դիմելով www.ekeng.am «Էկենգ» ՓԲԸ-ին։

ajax-loader