Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրի հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների և գործարար համաժողովի կազմակերպման հնարավորություններին, ինչը նոր հարթակներ կստեղծի գործարարների համագործակցության համար։

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով։

Մտքեր են փոխանակվել երկու երկների միջև տնտեսական կապերի զարգացման և տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 3.9 անգամ՝ կազմելով 2.3 մլրդ դոլար: Մասնավորապես, արտահանումն աճել է 2.4 անգամ՝ հասնելով 2.2 մլրդ դոլարի՝ ներմուծման 24.6% կամ մինչեւ 73.5 մլն դոլար աճի դեպքում:

2023թ. ԱՄԷ-ից Հայաստան  ստացվել է 104.3 մլրդ դրամի կամ 257.6 մլն դոլարի ընդհանուր օտարերկրյա ներդրում ՝ տարեկան 48 անգամ աճելով (դոլարային արտահայտությամբ)։ Իսկ ՕՈՒՆ-ի տեսքով ԱՄԷ-ից ստացվել է 100.8 մլրդ դրամ կամ 248.9 մլն դոլար՝ տարեկան 66 անգամ աճով։ Ընդ որում, ԱՄԷ-ից ներդրումների գերիշխող մասը կապված է ֆինանսական միջնորդության հետ, եւ միայն փոքր ծավալներն են ուղղված ծխախոտի, էլեկտրասարքավորումների արտադրությանը, մանրածախ առեւտրին, ընդ որում, կրճատվել են ներդրումները օդային տրանսպորտի ոլորտում, եւ ամբողջությամբ զրոյացվել են ներդրումները սննդի արդյունաբերության մեջ։

ajax-loader