Երկրաբանի ամեն օրվա աշխատանքը մի նոր աշխարհ է․ Կապանի ԼՀԿ մասնագետ

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Երկրաբանական ծառայության` hանքավայրի շահագործման եւ հետախուզական տեղամասի պետ Սասուն Պետրոսյանն ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի, հաղորդում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի սոցցանցը՝ հրապարակելով փորձառու մասնագետի հետ զրույցը։

Սասունը Կապանի կոմբինատ աշխատանքի ընդունվել է 20 տարեկանում, նախ՝ որպես ֆլոտատոր, հետո՝ երկրաբան։

«Մեծանալով ժայռերով և հանքանյութերով հարուստ տարածաշրջանում ինձ միշտ հետաքրքրել է այս ոլորտը, ինչն էլ մղել է մասնագիտանալ ու զբաղվել երկրաբանությամբ։ Երկրաբանի ամեն օրվա աշխատանքը մի նոր աշխարհ է․ օրվա առաջադրանքները տարբեր են՝ երկրաբանական հետազոտություններ կատարելուց մինչև ընդերքի խորքերից արդյունահանված հիմնական նմուշների վերլուծություն։ Յուրաքանչյուր գործողություն պահանջում է ճշգրտություն, համբերություն և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն»,- նշում է նա։

Ասում է՝ իր փորձը միայն մասնագիտական գիտելիքներով չի սահմանափակվում։ Այն ձևավորվել է տարիների՝ մակերևույթին և ստորգետնյա հանքում կատարած աշխատանքի, երկրային գիտությունների հանդեպ սիրո և ավագ գործընկերների փոխանցած փորձի համադրությունից: Բացի այդ, զրուցակիցս կարևորում է նաև ընկերության ղեկավարության ուշադրությունը։

«Վերջին շրջանում զգալի փոփոխություններ են կատարվել երկրաբանական ծառայությունում, ինչը հանգեցրել է կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Նոր ներդրումների շնորհիվ ծառայությունը վերազինվել է անհրաժեշտ ռեսուրսներով, ընդլայնել աշխատանքների ծավալները, ինչն ավելի պարտավորեցնող է մեզ համար»,- ասում է նա։

Սասուն Պետրոսյանի համոզմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտում երկրաբանությունն առաջին հերթին տնտեսական առաջընթացի ու զարգացման հեռանկարի մասին է։

«Բոլորս ենք հասկանում հանքարդյունաբերության կարևոր դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում, նաև ունեցած մեծ ներդրումը երկրի պաշտպանունակության բարձրացման մեջ»։

Այսօր Երկրաբանական ծառայությունում աշխատանքային պրակտիկա են անցնում նաև ուսանողներ՝ որոնք ներգրավված են բոլոր աշխատանքներում։

«Փորձառու մասնագետների կողքին ուսանողներին գործնական աշխատանքին ինտեգրելը հիանալի միջոց է ոլորտում փորձառու մասնագետների սերնդափոխությունն ապահովելու համար: Այս մոտեցումը օգնում է նոր կադրերի պատրաստմանն ու ապագայում փորձառու մասնագետներ ունենալու ծրագրերի իրականացմանը»,- եզրափակում է նա։

ajax-loader