ԱԶԲ-ն կֆինանսավորի Հյուսիս-Հարավ միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հատվածը

ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման մի շարք ուղղություններ և դրանց շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերը։

Մասնավորապես՝ ԱԶԲ ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը։  ՀՀ-ում ԱԶԲ առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոխտմանը բարձր գնահատելով այս ուղղությամբ երկկողմ համագործակցությունը, հայտնել է կազմակերպության պատրաստակամությունը ֆինանսավորել ճանապարհի հյուսիսային հատվածը։

Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու ԱԶԲ-ի պատրաստակամության համար։

Քննարկվել են նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների հիմնանորոգման ծրագրի իրականացման հեռանկարները, որոնց մանրամասները կազմակերպությանը ներկայացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը։

Հանդիպման մյուս հատվածում ԱԶԲ ներկայացուցիչները ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ քննարկել են «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող աշխատանքների մանրամասները։

ԱԶԲ հայաստանյան առաքելության ղեկավար Դոն Լամբերտը գոհունակություն է հայտնել դպրոցների ու մանկապարտեզների շինարարության հարցում կատարված լավ աշխատանքի համար։

Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար ծրագիրը քաղաքական առաջնահերթություն է։

Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպման ընթացքում քննարկել նաև Կապսի ջրամբարի և երկուստեք համագործակցության այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների մանրամասները։

Սիսիան-Քաջարան 60-կիլոմետրանոց նոր ճանապարհն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով և ներառելու է 27 կամուրջ ՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ, և 9 թունել ՝ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ (Բարգուշատի ամենաերկար թունելը ՝ մոտ 8,6 կմ երկարությամբ): ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության ընդհանուր փաթեթից առաջիկա հինգ տարիներին 600 մլն եվրոն կուղղվի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցմանը: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ։ 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կլինի 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ ։ “Հյուսիս-Հարավ” նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչև 490 կմ։

Ճանապարհն էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով՝ ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Նախագիծը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի – Կապան – Գորիս-Երևան – Աշտարակ – Գյումրի – Բավրա) և Վրաստանի տարածքով: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։

Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է դեպի բարձրացում։ 2012թ. սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր ՝ 962 մլն դոլար, այսօր խոսքը շուրջ 3 մլրդ դոլարի ներդրումների մասին է:

ԱԶԲ-ն Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից։ 2023 թվականի ապրիլի դրությամբ բանկը Հայաստանում իրականացրել է շուրջ 1.7 մլրդ դոլարի 77 նախագիծ, որոնք ուղղված են եղել տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն:

ajax-loader