ՀՀ-ում 4 մետալուրգիական գործարան է կառուցվել 4 տարում․ նախարար

Հայաստանում արտահանվող սեւ եւ գունավոր մետաղների պետական տուրքերի բարձր դրույքաչափերի վեց ամսով երկարաձգումը թույլ կտա ավելացնել արտադրության մետալուրգիական ճյուղի ծավալները: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ներկայացնելով Պետական տուրքի մասին օրենքում կատարված փոփոխությունները։

Նախարարի ասելով՝ երկրի իշխանությունները օրինագիծը մշակելիս առաջնորդվել են պատրաստի արտադրանքի արտադրության երկար շղթաներ ստեղծելու, այլ ոչ թե մետաղի ջարդոն արտահանելու անհրաժեշտությամբ: Այն բանից հետո, երբ 2020 թվականին առաջին անգամ օգտագործվեց պետական տուրքերի մեխանիզմը, երկրում սկսեցին ստեղծվել նոր մետալուրգիական ձեռնարկություններ: Նշված ժամանակահատվածում ներդրումների ծավալը գերազանցել է 100 մլն դոլարը, ստեղծվել է 4 նոր ձեռնարկություն, իսկ դրանցում զբաղված անձանց թիվը մոտեցել է 750-ի սահմանագծին:

Ի սկզբանե, ինչպես ընդգծել Է նախարարը, նախատեսվում էր, որ փաստաթուղթը կսկսի կիրառվել 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն քննարկումներից հետո որոշում է կայացվել այդ ժամկետը տեղափոխել 2025 թվականի հունվարի 1-ը, որպեսզի կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերություններին հնարավորություն ընձեռվի վերապրոֆիլավորել իրենց ձեռնարկությունները։

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդել էր, որ արգելքն ուժի մեջ մտնելուց հետո զգալիորեն աճել են տեղական արտադրության ծավալները։ Մասնավորապես, 2021 թվականին պողպատե գլանվածքների արտադրության ծավալը կազմել է ավելի քան 115,2 հազար տոննա՝ 8,4 անգամ աճ (2020 թվականի համեմատ), իսկ 2022 թվականին՝ ավելի քան 119,6 հազար տոննա, որը 3,9 տոկոսով ավելի է, քան   2021 թվականին, իսկ պողպատե խողովակների, խոռոչ շրջանակների և դրանց կցամասերի արտադրության ծավալները 2023 թվականի առաջին կիսամյակում աճել են մոտ 56 տոկոսով՝ կազմելով 52,2 հազար տոննա։ Գերատեսչությունում կանխատեսում են, որ օրենսդրական նախաձեռնությունների կիրառման արդյունքում տեղի կունենա սև և գունավոր մետաղի ջարդոնի տեղական օգտագործման 65-70% աճ ՝ ջարդոնի սպառման տարեկան ծավալը հասցնելով մինչեւ 250 հազար տոննայի:

ajax-loader