«ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» չի ուսումնասիրի Ծովակի պեմզային ավազների հանքավայրը Սևանա լճի ազդեցության գոտում. «Հետք»

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Ծովակի պեմզային ավազների հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հայտին։

Ծովակի պեմզային ավազների հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Ծովակ բնակավայրում։ Ծովակը Սևանա լճի հարավ-արևելյան ափին է՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա, գրում է «Հետքը»:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր էր օգտագործել Ծովակի պեմզային ավազները Սոթքի ոսկու հանքի համար, քանի որ Սոթքի ոսկու հանքի հետագա շահագործումը, հիշեցնենք, նախատեսված է իրականացնել ստորգետնյա եղանակով։ Դրա արդյունահանած տարածքները մտադիր էին լցափակել պնդացող խառնուրդով։ Այդ խառնուրդի պատրաստման համար, որպես լցանյութ, նախատեսում էին օգտագործել Ծովակի պեմզային ավազները։

Փորձաքննական գործընթացում պարզվել է, որ երկրաբանական ուսումնասիրության նպատակով հայցվող տարածքը գտնվում է Սևանա լճից 2,7 կմ հեռավորության վրա, սահմանակից է «Սևան» ազգային պարկին։ Ըստ ներկայացված կոորդինատների՝ նշված տեղամասի հեռավորությունը «Սևան» ազգային պարկի սահմաններից չի գերազանցել մինչև 750 մետրը։

«Երկրաբանական ուսումնասիրությունը և հետագայում հնարավոր արդյունահանման աշխատանքները կառաջացնեն վնասակար ազդեցություններ ազգային պարկի անտառածածկ տարածքների և Սևանա լճի էկոհամակարգի վրա, ինչը հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին և 10-րդ հոդվածի 1-ին մասին»,- հիմնավորել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը։

«Սևանա լճի մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է անմիջական ազդեցության գոտին։

ajax-loader