Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին

Հայաստանում մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողն պետք է ձևավորի կառավարող մարմին, որին պարտավորվում է հանձնել նախագծային բոլոր փաստաթղթերը:

ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկել է բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնությամբ առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում նոր լիազորություններ սահմանել պետական իրավասու մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչների և մարզպետարանների ղեկավարների աշխատակազմերի համար: Փաթեթում սահմանված է, որ մինչև կառուցվող բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողն՝ ինքն է ձևավորում կառավարող մարմին, որին հանձնում է նախագծային բոլոր փաստաթղթերը:

Սույն պահանջը չկատարելը կհանգեցնի կառուցապատողին վարչական տույժի ենթարկելու:

Բացի այդ, ինչպես նշել է Գրիգորյանը, սահմանվում է գույքի սեփականատերերի իրավունքների պաշտպանությանն ուղղված դրույթ ։ Մասնավորապես, օբյեկտը շահագործման հանձնելուց հետո գնորդին տրվում են համապատասխան բաժնեմասով գույքի նկատմամբ բոլոր իրավունքները, որի նվազումը կարող է տեղի ունենալ բացառապես սեփականատերերի գրավոր համաձայնության դեպքում:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է զեկուցողը, կառավարության նախաձեռնությունն ուղղված է օրենսդրական դաշտի բարելավմանը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի գույքագրմանը, մեթոդական ցուցումների մշակմանը, կառավարության ծրագրի իրականացման մշտական մոնիթորինգի անցկացմանը:

Կոմիտեի նախագահի տեղակալը նաև հաղորդել է, որ պատրաստվում է բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքի նոր նախագիծ: Առաջնային փաստաթղթի տարբերակը խորհրդարան կներկայացվի տարեվերջին։ Ներկայիս գործող օրենքի համեմատ ՝ նոր տարբերակը լինելու է համապարփակ և հաշվի է առնելու այսօրվա իրողությունները։

ajax-loader