Մարտահրավերները ձեր ջանքերի և մտքի համադրությամբ ենք հաղթահարելու․ Սասուն Ավետիսյան

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի մասնագիտական օրվա առթիվ։

Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ մեջբերելով նրա խոսքը․

«Հարգելի՛ երկրաբաններ,

Սիրելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ։ Դուք բարդ և չափազանց կարևոր մասնագիտություն եք ընտրել, որը պահանջում է անմնացորդ նվիրում, առարկայի խորը տեսական իմացություն, գործնական հմտություններ և բացառիկ կամային հատկանիշներ։

Մեր ընկերությունների ներկա մարտահրավերների զգալի մասը ձեր ջանքերի, ձեր մտքի և պատասխանատու մոտեցման համադրությամբ ենք հաղթահարելու։ Ձեր աշխատանքը կարևոր նշանակություն ունի ճանապարհաշինության, քաղաքաշինական այլ կառույցների և ենթակառուցվածքների շինարարության մեջ ներգրավված մեր ընկերությունների համար։ Սակայն լենռնահանքային ոլորտի մեր ձեռնարկություններում երկրաբանի դերն առանձնապես կենսական է։ Աշխատանքին ձեր պատասխանատու մոտեցումից շատ բան է կախված Լիճքվազ-Թեյի ոսկու և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքերի աշխատանքում. տնտեսական ներկա ցուցանիշներից մինչև ձեռնարկությունների ռազմավարական հեռանկարի կանխորոշում և երկարաժամկետ զարգացման ծրագրերի կազմում։

Ոչ վաղ անցյալում շատերի համար անհեռանկար Լիճքվազ-Թեյի հանքն այսօր դինամիկ զարգացող տնտեսական միավոր է։ Մեր ձեռագիրը նույնն է մնալու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքում։ Այստեղ մեր ստացած բարդ ժառանգության հաղթահարումը հետևողական և համալիր աշխատանք է պահանջում, որում առաջին ջութակի դերը հենց երկրաբաններինն է։ Շահումյանի հանքի շահագործմանը ներգրավված անձնակազմի, և առաջին հերթին՝ երկրաբանական թիմի ջանքերն ուղղված են լինելու այն նպատակին, որ պաշարների գիտականորեն հիմնավորված, ռացիոնալ տնօրինման շնորհիվ մեր կոմբինատը տասնամյակների կտրվածքով շարունակի տնտեսական հենարան լինել Կապան համայնքի համար և իր ներդրումն ունենա Հայաստանի տնտեսական զարգացման գործում։

Ձեր աշխատանքը մի շարք գիտակարգերի, գիտական ու գործնական ուղղությունների խաչմերուկում է, ինչի շնորհիվ այս տոնն իրենցն են համարում նաև լեռնային գործի այլ ճակատներում աշխատող շատ մասնագետներ։ Սա ուժեղ մարդկանց տոն է, որոնք նպատակին տանող ճանապարհին պատրաստ են սխրանքների։ Մաղթում եմ, որ միշտ ժպիտով և աշխատանքի արդյունքներից բավարարվածության զգացումով վերադառնաք «դաշտից», լինեք առողջ և երջանիկ՝ ձեր ընտանիքների հետ միասին։

Հարգանքով՝

Սասուն Ավետիսյան»։

ajax-loader