Երևանում բացվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկի ժամացույցը

Երևանի Հյուսիսային պողոտայում բացվեց Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկի ժամացույցը:

Հետհաշվարկի ժամացույցի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով կոչ արեց ներկաներին ներկա լինել թե բացման արարողությանը, թե բուն մրցաշարին:

«Վստահ եմ, որ այս վայրը առաջիկա 1,5 ամսվա ընթացքում կդառնա երևանցիների սիրելի վայրերից մեկը: Մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը` մուֆլոնը, դարձել է առաջնության խորհրդանիշը»,- ասաց նա:

Հարությունյանը շեշտեց, որ առաջնության մեկնարկից առաջ էլ Կարապի լճի հարակից տարածքում կգործարկվի ֆան գոտին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ լրագրողների հետ զրույցում առանձնացրեց, որ առաջնության մեկնարկից հետո ժամացույցի վրա ի ցույց կդրվի Հայաստանի հավաքականի նվաճած մեդալների քանակը:


Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

ajax-loader