Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:
«2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ, պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ առերևույթ հանցավոր արարքները կատարած երեք անձանց՝ Ս. Հ.-ի, Վ. Գ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Դատախազի կողմից հիշյալ միջնորդությունները բավարարվել են, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ս. Հ.-ի և Վ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշմամբ բավարարվել են։
Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված է վերջինիս ձերբակալելու որոշում»,- ասված է հաղորդագրության մեջ: