Բացահայտվել է թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա․չորս անձ կալանավորվել է

Հայաստանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:

Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունները, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

1.jpg (206 KB)

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արմավիրի մարզի բնակիչներ, 43 և 42-ամյա եղբայրների կողմից Արմավիրի մարզում և Երևան քաղաքում «Տելեգրամ» հավելվածի միջոցով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ տեղադրելու և իրացնելու վերաբերյալ:

Պարզվել է, որ եղբայրներից մեկը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով, ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով եղբորը, հորեղբորը և վերջինիս որդուն:

2.jpg (71 KB)

Խուզարկություններ են կատարվել վերոհիշյալ անձանց բնակության վայրերում, որի ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 677,2 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, 8 տուփ «կանեփ» բույսի սերմերի նմանվող զանգված, թմրամիջոցների փաթեթավորման համար նախատեսված զիպ փականով փաթեթներ, ինքնակպչուն ժապավեններ և էլեկտրոնային կշեռք։

Հորեղբոր` 31-ամյա որդու բնակության վայրում և oժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի աճեցման համար անհրաժեշտ սարքավորումներով, օդափոխության և ոռոգման համակարգերով կահավորված լաբորատորիա, որտեղ առկա է եղել կանեփի 23 բույս: Հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, փամփուշտներ և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

4.jpg (114 KB)

Փաստի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկի՝ կանաչադարչնավուն երանգի բուսական զանգվածը, 142,43 գրամ հաստատուն քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: Պարզվել է, որ փորձաքննությանը ներկայացված փաթեթներում առկա են նաև «Կանեփ» ցեղի խոտաբույսեր:

3.jpg (359 KB)

Ձեռք բերված փաստերի հիման վրա եղբայրներին, նրանց հորեղբորը և վերջինիս 31-ամյա որդուն մեղադրանք է ներկայացվել:

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև թմրամիջոց ձեռք բերած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Վերոնշյալ չորս մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականցնելու վերաբերյալ հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader