Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի (ԵՆԱԲ) ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ բանկին անդամակցում է 106 հաստատված անդամ երկիր, իսկ հիմնադիր 57 անդամ երկրի թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) եւ Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։

Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող եւ ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը $100 հազար է:

«Բանկին անդամակցելը կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար:

ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցել տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ եւ երկկողմ այլ հաստատությունների հետ եւ ներգրավելով պետական եւ մասնավոր կապիտալի ներդրում»,- ասված է հիմնավորման մեջ:

ajax-loader